Խորհրդարանում քննարկվող հարկային նոր օրենսգիրքը խախտել է անգամ իշխանամերձ գործարար պատգամավորների անդորրը, ովքեր իրենց քննադատությունն ու մտահոգությունները չեն թաքցրել: ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը, կտրականապես դեմ լինելով նախագծին, նշեց. «ՀՀ տնտեսավարողների մասին խոսում եք որպես որսի: Դուք որսորդն եք՝ նրանքն էլ որսն են, ոնց անեք, որ բռնեք, չփախնեն: Սա դիվերսիա է ՀՀ քաղաքացու նկատմամբ, բերելու է նոր արտագաղթի: Գերի՞ են ընկել էս մարդիկ հարկային պլանի ձեռքը, որ 10 տարի բերաններս փակում ենք, ասում ենք՝ ամեն ինչ բանակի համար է, հետո պարզվում է, որ բանակում ամեն ինչ բարվոք չէ: ՀՀ-ից հեռացել է լավագույն սերուցքը գործ անողների, որ գնացել և այլ երկրում է բարիքներ ստեղծում»:
Պատգամավորն անգամ «սպառնաց», որ այս թեմայի շրջանակներում գնալու է նախագահի մոտ և ապացուցի, որ այն դիվերսիա է: «Խի՞ չեք գալիս ասում՝ ժողովուրդ, արտոնություն ենք տալիս էս ոլորտներին, աշխատեք: Դրել եք մամլիչի նման քամում եք, որ ի՞նչ անեք: Թողենք գնա՞նք սաղս, որ պրծնե՞նք ձեզանից, չի ստացվի, չեք հասնելու ձեր նպատակներին»,- նախագծի հեղինակներին դիմեց Գուրգեն Արսենյանը:
ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը ևս այս նախագծից դժգոհողների շարքում է:
«Էս օրենսգրքի ընդունման արդյունքում աղքատությունը կշատանա՞, թե՞ կնվազի: 3 տոկոս տնտեսական աճը 1 տոկոս աղքատության նվազում է նշանակում: Աշխատող 400 հազար մարդկանց եկամուտները չեն փոխվելու, մնալու են նույնը: Ամբողջ աշխատավարձի շեմը կգնա դեպի ներքև, մինչև 220 հազար: Մեր երկիրը սպասարկման երկիր է, արտադրության երկիր չի: Արտադրության մեջ չի կարելի թաքցնել աշխատավարձը, բայց սպառման ոլորտում կա: Այն հաշվարկը` 70-80 մլրդ-ը, որ մենք պետք է հավաքենք՝ երբեք չենք հավաքելու: Սա նշանակում է, որ աղքատության շեմին մոտիկ 400 հազար մարդ կլինի վտանգավոր գոտում արդեն: Օրենսգիրքը չի նպաստում աղքատության խնդրի լուծմանը՝ անկախ այն բանից՝ տնտեսությունը աճ կունենա, թե չի ունենա»,- փաստեց պատգամավորը` նշելով հարկային «անհավասարության» մեկ օրինակ:
«Ամենամեծ անհավասարությունը 40 տոկոս գնային տարբերությամբ սկսում է սահմանի վրա, երբ որ մեկի համար նույն ապրանքի հսկիչ գինը կարող է դառնալ՝ գին + 20 տոկոս, մյուսի համար՝ գին -20 տոկոս: Էնպես չի, որ դուք ասում եք՝ մենք ոչինչ չգիտենք: ՈՒզում եք՝ քամեք, ուզում եք՝ մի քամեք, բայց փողը պիտի վերցնեք աշխատող մարդուց: Եթե ուզում եք աշխատող մարդիկ շատ լինեն՝ պետք է լինի հավասարություն: Չաշխատող մարդը հարկ չի տալիս, բերեք աշխատողներին շատացնենք... Ինչո՞ւ մենք մեր հարկատուին չենք հարգում, ցանկացած քայլին՝ այսքան տույժ, տուգանք, սա հարգելու ձև է, չէ՞: Չի՞ լինի դուք գնաք աշխատեք, մենք գանք հարկային հիմա»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ